Գործադիրը որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:
Ծրագրի նպատակը բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավումն է և քաղաքաշինական ներուժի իրացումը՝ բնակարանի/բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքներն ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորելու միջոցով:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար հիմք ընդունել հետևյալ ցուցանիշները. վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանների համար՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով: Որոշման ընդունումից հետո մինչև 2022թ. մայիսի 20-ը կմշակվի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, ընթացակարգերը, շահառուներին ներկայացվող պահանջները, մշտադիտարկմանը և հաշվետվողականությանը վերաբերող պահանջները: Ծրագիրը կմեկնարկի Կառավարության կողմից դրա իրականացման կարգը հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023թ. հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա: