Mon- Fri 9:00 - 20:00
Sat 10:00 - 15:00
Azatutyan 27
Yerevan 0014, RA
Այսօր արդեն ավելի քան 1600 բնակարաններ, առանձնատներ, պետական կառույցներ և բիզնես տնտեսություններ արևից անվճար ստանում են էլեկտրաէներգիա և տաք ջուր, ամսական խնայում են ֆինանսական շոշափելի միջոցներ՝ մեր բանիմաց մասնագետների կողմից տեղադրված և հաջողությամբ գործող արևային կայանների շնորհիվ։
Հայաստանյան շուկայում առաջիններից էինք, որ սկսեցինք խոսել արևային էներգետիկայի և դրա արդյունավետության մասին, և ուրախ ենք, որ այն այսօր Հայաստանում լայն տարածում է գտել։
-Պարո՛ն Չոբանյան, մի փոքր կպատմե՞ք` ինչպես ստեղծվեց «Ֆրիներջի» ընկերությունը:
–Այլընտրանքային էներգիան Հայաստանում և Արցախում սկսել ենք հասանելի դարձնել և ոլորտում ներդրումներ ենք կատարել դեռ 2012 թվականից: Մեզ համար խնդիր էինք դրել գտնել քաղաքացիների և բիզնեսի ծախսերը նվազեցնելու արդյունավետ լուծումներ։ Արդեն երևում էր նաև, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսներն անխնա օգտագործելուն այլընտրանք է պետք։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու զարգացման միտումները, արդյունքում այսօր իր ծառայություններ է մատուցում մեր «Freenergy» (անվճար էներգիա) ընկերությունը։ Մեր գործունեության հիմքում արևից էներգիայի ստացումն է, որն ի տարբերություն փայտի, գազի, ածուխի կամ մազութի, անսպառ է, մաքուր է՝ չի աղտոտում շրջակա միջավայրը։
-Ձեր ընկերության ծառայություններն ուղղված են բնակարաններին, առանձնատներին, բիզնես կազմակերպություններին, ի՞նչ առավելություններ ունեն «Ֆրիներջի» ընկերության առաջարկած արևային համակարգերը, ջրատաքացուցիչները, ինչպիսի՞ տեսականի ունեք:
-Ինչպես ճիշտ նկատել եք, քաղաքացիները, պետական կառույցները և բիզնես տնտեսությունները արևի մաքուր և անվճար էներգիայից կարող են ինքնուրույն արտադրել տաք ջուր և էլեկտրաէներգիա, արդյունքում խնայել ֆինանսական շոշափելի միջոցներ՝ մեր ընկերության առաջարկած մատչելի, հուսալի ջերմա- և էլեկտրակայանների միջոցով։
Մեր կայանների առավելությունը գնի, որակի, հուսալիության ու փորձառության համադրությունն է։ 2012 թվականին մենք շուկա ենք մտել, մասնավորապես, արևային ջրատաքացման համակարգերով։ Ինչպես ջերմային կայանների, այնպես էլ արևային էլեկտրակայանների որակի և հուսալիության մասին խոսում է տրվող գործարանային 25 տարի երաշխիքը։ Որակի լուրջ ցուցանիշ է նաև Հայաստանում և Արցախում, մեր տեղադրած և արդեն տևական ժամանակ անխափան գործող շուրջ 1600 կայանները։
Ոլորտը շատ մեծ է, բայց այլընտրանքային էներգիայի յուրաքանչյուր նոր մոդել առաջինը մենք ենք շուկայում կիրառում: Ընկերության հիմնումից մինչ այսօր կյանքի ենք կոչել իրարից տարբերվող մի շարք կայաններ: Լինելով առաջինը, արդեն 7 տարի կուտակել ենք փորձ, յուրացրել ենք որակյալ ծառայություն մատուցելու լուծումներ։ Մեր բանիմաց մասնագետների թիմի հետևողական աշխատանքի շնորհիվ կարողանում ենք գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի։
Որակից բացի մեր առավելությունն է արդյունավետության և խնայողության գրանցած ցուցանիշները, որին մենք հասնում ենք արևային համակարգի տեղադրման դեռ նախապատրաստական փուլում՝ գնահատման, նախագծման ժամանակ։ Ցանկացած հաճախորդի համար մշակվում է տվյալ վայրին համապատասխան նախագիծ, կատարվում են ճշգրիտ տեխնիկական հաշվարկներ, արևային համակարգը տեղադրվում է միջազգային ստանդարտներին և կազմված նախագծի պայմանների խիստ պահպանմամբ:
-Իսկ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է սահմանված, գները հասանելի՞ են բոլորին:
-Եթե կարճ պատասխանեմ, Էներգախնայողության մեր լուծումները ծախսարդյունավետ են։ Արևի էներգիայի անցնելը շատ շահավետ է։ Իսկ Հայաստանում արևային էներգետիկայի այսօրվա բուռն զարգացման պայմաններում շարունակել էլեկտրաէներգիայի դիմաց նման մեծ գումարներ վճարել ուղղակի իներցիայի հետևանք է։ Դա նման է, երբ չես փոխում լուսավորության հին լամպերը և չես տեղադրում էներգախնայող լամպեր։
Կախված արևային կայանի տեսակից, մեկ անգամ վճարելով ձեռքբերման դիմաց, ամառ թե ձմեռ, առնվազն 25 տարի, կարող ես ունենալ անվճար տաք ջուր, ջեռուցում, էլեկտրաէներգիա։ Ընդորում կայանի դիմաց վճարում ես մի գումար, որը հազիվ կբացավականցներ 5-6 տարվա էլեկտրաէներգիայի և ջեռուցման վճարի համար, այն էլ այսօրվա գներով, մինչդեռ նույն գումարով, հինգ անգամ ավելի երկար ժամանակ կարող ես էներգիան ստանալ ավելի մաքուր եղանակով՝ արևից, ինչպես նաև էլեկտրացանցի վթարային անջատումներից կախված չլինել։
Սա մեր բնակչության համար հոգսերը թեթևացնելու լավ հնարավորություն է, իսկ բիզնեսի համար մրցունակությունը մեծացնելու, տնտեսության ժամանակակից պայմաններում շուկայում մրցակցային դիրքերը բարելավելու ևս մի լուծում է, ինչը պետք է նշեմ, որ այսօր հաջողությամբ օգտագործում են հանրապետության մի շարք հյուրանոցներ և հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, գազալցակայաններ, արտադրական հիմնարկներ և առհասարակ տնտեսության բոլոր մնացած ճյուղերում, քանի որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառումը տնտեսական գործունեության մեջ համատարած է։
Արևային էներգետիկայի զարգացումը խթանում են նաև ֆինանսական կազմակերպությունները, որոնք իրենց հերթին առաջարկում են վարկավորման, լիզինգի շահավետ առաջարկներ, ինչի շնորհիվ կարելի է նույնիսկ արևային կայանը տեղադրել 0% կանխավճարով, 8% տարեկան տոկոսադրույքով և 8 տարի մարման ժամկետով։ Ամսական վճարումները գրեթե այն չափի են, որքան սովորաբար կազմում է կոմունալ վճարը։ Դա նշանակում է, որ արևային կայանի անցնելով, կոմունալի նույն գումարը մուծելով, մի քանի տարի հետո ամբողջովին ազատվում ես տաք ջրի, ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերից։
Կարող եմ հավելել, որ արևային ջերմային համակարգեր նախընտրողներն ավելի շատ են, քան արևային էլեկտրակայաններինը, քանի որ ջերմակայանների դեպքում ներդրումը ավելի քիչ է, իսկ գումարի հետ վերադարձի ժամկետը՝ համեմատաբար ավելի վաղ:
-Պարո՛ն Չոբանյան, իսկ քանի՞ տարի կարող է ծառայել արևային համակարգը։
-Մեր կողմից տեղադրված արևային կայաններն ունեն 25 տարի գործարանային երաշխիք, իսկ մեր ընկերությունն առաջին 5 տարիներին իրականացնում է երաշխիքային սպասարկում։ Դա իրենից նշանակում է, որ կայանը դեռ երաշխիքի մեջ կատարված ներդրման հետ վերադարձը ապահովվում է։ Այնպես չէ, որ 25 տարի հետո տեղադրված արևային համակարգը շահագործման ենթակա չէ, այն կարելի է թարմացնել ու օգտագործել ևս 10-15 տարի ժամկետով՝ ընդամենը ներդնելով սկզբնական գումարի 30 տոկոսը։
-Մինչ այսօր ի՞նչ խոշոր աշխատանքներ է իրականացվել ընկերության կողմից:
-Եթե խոսենք խոշոր նախագծերից, ապա օրեր առաջ տեղի ունեցավ Եվրամիության պատվերով կառուցված հերթական 1ՄՎտ հզորությամբ արևային կայանի շահագործման հանձնման արարողությունը։ Այն մնացած նախագծերից առանձնանում է ոչ միան խոշորությամբ (բաղկացած էր 4000 վահանակներից և 25 տարի կհոգա Վայոց Ձորի մարզի 500 տան կարիքները), այլև, որ մեր ընկերությունը հայկական արևային էներգետիկայի ոլորտում եվրոպական որակի պահպանման նոր նշաձող սահմանեց։ Կայանի կառուցման ժամանակ պարտադիր են եղել եվրոպական և միջազգային ստանդարտների պահպանումը, ինչը հաղթահարեցինք հաջողությամբ։
Մյուս կողմից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր ընկերությունը նախագծերում խոշոր և փոքր տարբերակումներ չի կատարում։ Նույն պատասխանատվությամբ և բծախնդրությամբ է իրագործվում ցանկացած նախագիծ՝ սկսած գյուղական համայնքներին տաք ջրով ապահովելու մեր տասնյակ կայանների գործարկումը, վերջացրած խոշոր կազմակերպությունների համար մեծ հզորությունների ապահովումը: Ընդհանրապես, ասեմ, որ Հայաստանում մենք առաջինն ենք եղել, որ 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան ենք կառուցել: Այսօր մեր մասնագետների կողմից տեղադրած հարյուրավոր արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ կարող եք գտնել ինչպես մայրաքաղաքի կտուրներին, այնպես էլ հանրապետության հեռավոր մարզերում և Արցախում: Այլընտրանքային էներգիան կարելի է կիրառել ցանկացած վայրում, որտեղ օգտագործվում է տաք ջուր կամ էլեկտրաէներգիա, հետևաբար արևային համակարգը պահանջված է ամենուր։
Բազմաթիվ նախագծեր ենք կյանքի կոչել բժշկական կենտրոններում, օրինակ մի քանի օրից կավարտենք Մալայանի ակնաբուժական կենտրոնում մեր տեղադրած 100կՎտ հզորությունը 50 տոկոսով ավելացնելու աշխատանքները, ինչպես նաև կառուցված առանձին 5 կՎտ հիբրիդ համակարգի շնորհիվ ցանցային անջատումների ժամանակ վիրահատարաններն ապահովված կլինեն արևից արտադրած էլեկտրաէներգիայով։ Ունենք մի քանի տասնյակ հաջողված նախագծեր դպրոցներում, մանկապարտեզներում, անհատների և կազմակերպությունների համար, որոնք այսօր էլ հաջողությամբ խնայում են և էներգիան ստանում են արևից:
-Հետաքրքիր է, զարգացման ի՞նչ հեռանկար եք տեսնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
– Անցումը վերականգնվող էներգետիկային այլընտրանք չունի։ Այսօր գրեթե ամեն օր տեղական և միջազգային մամուլում կարող եք հանդիպել բազմաթիվ աղաղակող հրապարակումներ կլիմայի փոփոխության, դրա հետ կապված անդառնալի բնական փոփոխությունների վերաբերյալ։ Հայտնի է, որ կլիմայի փոփոխության պատճառը ջերմոցային գազերի արտանետումներն են, իսկ էներգիայի արտադրության ավանդական եղանակները ենթադրում են մեծածավալ արտանետումներ, որոնք դերակատարությունը կլիմայի փոփոխության հարցում թերագնահատելը դժվար է։ Մեր ընկերության կողմից հաջողվել է մեր գործընկերների համար, ոչ միայն հասնել խնայողության աննախադեպ ցուցանիշների, այլև տնտեսել ջերմոցային գազերից մեկը հանդիսացող CO2-ի հազարավոր տոննաներ։
Կարծում եմ, որ Հայաստանում արևային էներգետիկայի նման թափով զարգացման թիվ մեկ պատճառը հենց հանրության էկոգիտակցության բարձրացումն է։ Իրենց բնագավառներում կայացած, մասնագիտական բարձր որակավորումներ ունեցող, սեփական հստակ հայացքներով և մոտեցումներ ձևավորված մեր նոր սերունդն ունի նաև էկոլոգիական հատուկ պահանջմունքներ և այս սերունդի համար խորթ է բնական ռեսուրսների գերշահագործման, շրջակա միջավայրի աղտոտման ճանապարհով տնտեսության զարգացումը, սպառողական պահանջմունքների բավարարումը։ Կարծում եմ դրա հետևանքն է, որ եթե համեմատենք անցած տարվա և այս տարվա վաճառքի տվյալները, ապա կտեսնենք, որ այն առնվազն հինգ անգամ մեծացել է:
Անկեղծ կլինի նշել, որ դրան նպաստել են նաև շատ բարեգործական ծրագրեր, հիմնադրամներ, որոնք նվիրատվություններ են կատարել գյուղական համայնքներում: Օրինակ, եթե գյուղում 50 շահառուի կատարվել է նվիրատվություն և տեղադրվել արևային համակարգ, ապա դրանից հետո միանգամից սկսվել է այդ տարածաշրջանում արևային համակարգերի ընդլայնումը: Արդյունքում այդ հաստատությունների գործունեությունն անուղղակիորեն նպաստել է, որ Հայաստանում մեծ զարգացում ապրի վերականգնող էներգետիկայի ոլորտը:
-Վերջին ժամանակաշրջանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում Հայաստանում արևային էներգիայի զարգացմանն ուղղված, դուք որպես այս ոլորտի ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք դրանք, արդյո՞ք այսօր բոլոր պայմանները ստեղծված, որպեսզի այս ոլորտը զարգանա:
– ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրապես լուրջ քայլեր է կատարում ոլորտի զարգացման ուղղությամբ: Հենց էներգետիկայի նախարարության ջանքերով 2016 թվականին ընդունվեց «Նեթ-մեթերինգի» օրենքը, որը բավականին մեծ առաջընթաց ապահովեց այս բնագավառում: Երկու տարի է արդեն արևային կայաններ ունենալու համար ոլորտին տրվել է մի քանի լիցենզիաներ և որոշվել է սակագինը։
-Ի՞նչ մասնագիտական կազմ ունի ընկերությունը:
-Ունենք բավականին մեծ թիմ, ունենք մեր ճարտարագետների առանձին անձնակազմը: Մատուցում ենք համալիր ծառայություններ՝ աշխատանքները կատարում ենք սկզբից մինչև վերջ՝ ուսումնասիրություն, ծախսերի գնահատում, նախագծում, համակարգի կառուցում, գործարկում և սպասարկում:
Ասեմ, որ ի սկզբանե այս ոլորտում չեն եղել փորձառու մասնագետներ, քանի որ հայաստանյան շուկայի համար արևային համակարգերը նորույթ էին: Մենք կազմակերպել ենք բազմաթիվ թրեյնինգներ, որի արդյունքում վերապատրաստվել են բազմաթիվ մասնագետներ, որոնցից էլ ձևավորվել է մեր այսօրվա թիմը։
Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս պահին ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպություններում մեր պատրաստած կադրերից աշխատում են: Միշտ կարևորել ենք նաև ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը: Դեռ 2014 թվականից Սևանի արհեստագործական ուսումնարանի, Շուշիի Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարանի, ինչպես նաև Արտաշատի ուսումնարանի և Իջևանի քոլեջի հետ ունենք սերտ համագործակցություն: Ուսումնական կենտրոններին մեր կողմից ամբողջությամբ անվճար տրամադրել ենք լաբորատորիաներ, որպեսզի տեղում ուսանողները ծանոթանան համակարգերի և սարքավորումների աշխատանքներին և հարուստ մասնագիտական գիտելիքներով ավարտեն ուսումնառությունը:
-Իսկ ՀՀ մարզերում ունե՞ք իրազեկման կենտրոններ:
-Այո՛, բոլոր մարզում ունենք իրազեկման կենտրոններ, որտեղ մեր ներկայացուցիչները բնակչությանը տրամադրում են անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական բնույթի տեղեկատվություն։ Տվյալ տարածաշրջանում տեխնիկական մասնագետների թիմի ձևավորումը մեզ տալիս է արագ սպասարկում իրականացնելու առավելություն, միևնույն ժամանակ մեր ուժերի չափով լուծում ենք նաև զբաղվածության և սոցիալական խնդիրներ:
-Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա Հայաստանում արևային էներգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
-Ասեմ, որ այս ոլորտում ոչնչով չենք զիջում առաջատար երկրներում կիրառվող արևային էներգիայի համակարգերին:
Հայաստանում արևային ռեսուրսի պոտենցիալը շատ մեծ է և քիչ երկրներ կան, որոնք ունենք Հայաստանի արևային ռեսուրսին հավասար պոտենցիալ։ Սա նույնպես արևային էներգետիկայի զարգացման այս տեմպերի կարևորագույն գործոններից է:
-Պարո՛ն Չոբանյան, ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:
-Մեր աշխատանքի հաջողության բանաձևը հետևողական աշխատանքն է և մասնագիտական ճիշտ մոտեցումը: Մեր հաջողության բանաձևը թերևս նաև այն է, որ յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում ենք անհատական մոտեցում, մենք չունենք գործընկեր, ով օգտվելով մեր ծառայություններից դժգոհ է մնացել, կամ կարիք է ունեցել դիմել այլ կազմակերպությունների: Մեր աշխատանքային սկզբունքն է, հաճախորդի արձանագրած ցանկացած խնդրի դեպքում, սեղմ ժամկետում լինել նշված հասցեում և կարգավորել տվյալ խնդիրը առավելագույնը 24 ժամվա ընթացքում:
-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպե՞ս կգնահատեք տարին և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020 թվականից:
– Այս տարվա համար ստացած արդյունքները բավարար եմ գնահատում: Այս տարի շատ օգտակար ծրագիր իրականացրեցինք Հայաստանի համահայկական հիմնադրամի հետ: Վեց գյուղերի մանկապարտեզներում, դպրոցներում արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք: Ընթացքի մեջ են մի քանի մեծ կայանների կառուցումը, որոնց սկզբնական փուլից սկսած մենք ենք կատարել շինարարությունը:
Վերջերս հաջող համագործակցության սկիզբ դրեցինք միջազգային ինժեներական կազմակերպությունների հետ և կառուցեցինք արևային կայան, որի պատվիրատուն արևային կայանների կառուցման ոլորտում մի շատ հայտնի ուկրաինական ընկերություն էր, և մեզ համար հեռանկարային ձեռքբերում է, որն հենց մեր կազմակերպությունն ընտրվեց որպես համագործակցող ընկերություն: 2020 թվականին պետք է արևային կայանների շինարարություն սկսենք Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, քանի որ այդ տարածքներում արևի պոտենցիալը շատ ավելի մեծ է: Այնպես, որ ակնկալում եմ և կան բոլոր նախադրյալներն ու ձեռքբերված համաձայնությունները, որ 2020 թվականին գործունեության ծավալները եռապատկվեն:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
կարող ես այցելել մեր գրասենյակ, թողնել հաղորդագրություն կամ թողնել հեռախոսահամար մենք արագ կապ կհաստատենք
ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ